Ռուսաստանում տեղակայվել է ԿԺԴՀ-ի հրթիռային ստորաբաժանում՝ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար. Reuters
Ռուսաստանի արևմտյան հատվածում սկսվել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանման տեղակայումը, որը, ըստ ամենայնի, կարող է համալրված լինել 120 բալիստիկ հրթիռով և վեց արձակման կայանով՝ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ իրականացնելու նպատակով։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի վերջից Ռուսաստանը տասնյակ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ, սակայն ԿԺԴՀ-ի հրթիռային ստորաբաժանման տեղակայումը Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության նոր փուլն է։
Չերնյակի տվյալներով՝ շուրջ 90 հյուսիսկորեացի զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը նախատեսվում է տեղակայել Ռուսաստանի Վորոնեժի մարզում՝ 112-րդ հրթիռային բրիգադի կազմում։
Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան արդեն Ռուսաստանին է մատակարարել KN-23 և KN-24 տիպի ևս 40 հրթիռ՝ դրանց սպասարկող անձնակազմի հետ միասին։ Տեղակայման վերջնական կազմն ու հրթիռների ընդհանուր քանակը, ըստ նրա, կհստակեցվեն հաջորդ ամիս նախատեսված բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է տեղակայել 120 հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ և վեց արձակման կայան։ Առայժմ հայտնի չէ, թե հյուսիսկորեացի զինվորականներն ինչ դերակատարում կունենան ռուսական հրթիռային գործողություններում։
Reuters-ը հիշեցնում է, որ անցած շաբաթ Ռուսաստանը 2025 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի դեմ կիրառել է հյուսիսկորեական արտադրության երկու հրթիռ։
Ֆիլադելֆիայում գործող Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լին նշել է, որ ԿԺԴՀ-ի կողմից տրամադրվող լրացուցիչ հրթիռները լուրջ մարտահրավեր են Ուկրաինայի համար, քանի որ հակահրթիռային պաշտպանությունը երկրի ամենախոցելի ուղղություններից մեկն է։
Նրա գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ կարող է լինել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վիճակը ձմռանը, երբ Ռուսաստանը կարող է կրկին լայնածավալ հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ անցած շաբաթ հյուսիսկորեական հրթիռը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնե գյուղի բնակելի տանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն հինգ հոգուց բաղկացած մեկ ընտանիք։
Չերնյակի խոսքով՝ սա 2025 թվականի օգոստոսից հետո հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների կիրառման առաջին արձանագրված դեպքն էր, և հարվածի համար օգտագործվել էին նոր մատակարարված 40 հրթիռներից։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Կուրսկի մարզում ներկայում գտնվում է շուրջ 9500 հյուսիսկորեացի զինծառայող, սակայն նրանք դեռևս անմիջական մասնակցություն չեն ունենում Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը շարունակում է ԿԺԴՀ-ի հետ կապող ավտոմոբիլային կամրջի շինարարությունը։ Պաշտոնապես նախագիծը ներկայացվում է որպես առևտրի և զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն, սակայն փորձագետները չեն բացառում, որ այն կարող է օգտագործվել նաև ռազմական բեռների փոխադրման համար։
Միաժամանակ ռուս-ուկրաինական պատերազմի վետերան, պահեստազորի մայոր Ալեքսեյ Գետմանը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ԿԺԴՀ-ից ստանալ ևս 30 հազար զինծառայող և արդեն սկսել է նրանց ընդունման նախապատրաստական աշխատանքները։