ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյանը` Դիլիջանի քրեականի պետի մասնակցությամբ դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում հայտարարել է, թե իրավական տեսանկյունից օրենքը տալիս է գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունը, եթե անձը առաջին անգամ ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք է կատարել։

 

Քննչական կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ թեև այս հնարավորությունը կա, բայց դա հայեցողական է, և ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում կայացված որոշումը․ 

 

«Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ու այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,- ասել է  ՔԿ նախագահը՝ հավելելով, որ գլխավոր դատախազությունը նույնպես կիսում է այս տեսակետն, ու վերադաս դատախազը հսկող դատախազի որոշումն արդեն իսկ վերացրել է։

 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

 

Ավելի ուշ նաև Քննչական կոմիտեից էին հայտնել, որ Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Քաղաքականություն