
Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով.
«Դիլիջանում Ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և ապա պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է։
«Իրազեկ քաղաքացիների միվորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյո՞ք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»։
Հիշեցնենք՝ տեսանյութ էր տարածվել, որ 16-ամյա տղային ծեծի ենթարկողը Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանն է։ Վերջինս ներողություն է խնդրել մատուցողից և խնդրել, որ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: