Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել:

 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ եւ հայտնել, որ նրան ճանաչում էր մանկուց:

 

«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։

 

Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։

 

Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։ Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»,- գրել է մարզպետը։

 

Նարեկի դասընկերուհին ևս գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջին․

 

«Շատ մեծ ցավով ու ափսոսանքով եմ ասում որ էլ չկաս դու ՝մեր Նարեկ , բարի համեստ խելացի տղա քո տեղը ստեղ էր մեր կողքին չգիտեմ թե խի Աստված քեզ տարավ իր մոտ , մինչև հիմա հավատս չի գալիս որ չկաս ախր երեկ էր, որ խոսեցի հետդ ասեցիր «լավ եմ Սոֆ ջան մի մտածի հեսա հարմարացնեմ կզանգեմ», ախր սպասում եմ է իմ ախպեր զանգի ասա, որ լավ ես։ Ասում էիր հեսա գանք տեսեք իչքան լավա անցնելու, ուր ես դե արի ախր սպասում եմ իմ ախպեր, շատ անարդարա էս կյանքը , Աստված տանումա էն մարդկանց ում, որ չպետքա տաներ։ էնքան լավ, բարի հուշեր ունեմ քո հետ Նարս , իչքան լավ օրեր էին, ախ երանի էդ օրերը հետ գային ։ Լուսավոր տղա , լույսերի մեջ մնաս իմ Նարեկ, մեր հպարտություն միշտ քեզ կհիշեմ շատ լավ ու անմեղ հուշերով իմ լավ ու բարի դպրոցական ընկեր։ Երանի էս օրը ջնջվեր օրացույցից, երանի էս տողերը կյանքում չգրեի։ Աստված հոգիդ լուսավորի Նարեկ ջան»,- գրել է դասընկերուհին։

 

Հիշեցնենք՝ Ժամը 16:50-ից մինչեւ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի եւ Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաեւ հրետանի եւ ականանետեր։ Հայկական կողմ ունի ևս երկու վիրավոր և մեկ զոհ։

Քաղաքականություն