![Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է կեղծ լուրերի նախապատրաստման և հրապարակման մեջ](https://auroranews.am/storage/img/base_image/old/9694417e4fe0196a90d0ecf3a2371aa1.webp)
Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է կեղծ լուրերի նախապատրաստման և հրապարակման մեջ
![Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է կեղծ լուրերի նախապատրաստման և հրապարակման մեջ](https://auroranews.am/storage/img/base_image/old/9694417e4fe0196a90d0ecf3a2371aa1.webp)
«Ժողովրդական դաշինք» ընդդիմադիր դաշինքից Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար և ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է դավադրության մեջ և Մոսկվայից պահանջել «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»։ Քաղաքական գործիչն իր կոչը հրապարակել է Twitter-ում թուրքերեն և ռուսերեն.
«Հարգելի ռուս ընկերներ, դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին այս երկրում: Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք շարունակում ենք հանդես գալ համագործակցության և բարեկամության օգտին»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, սակայն, ըստ РБК-ի, հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 7-ին իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ցուցադրել է տեսանյութ, որում իր մրցակցին աջակցում է քուրդ զինյալների առաջնորդը։
«Մենք թույլ չենք տա, որ Քըլըչդարօղլուն, որը քայլում է ահաբեկչական կազմակերպությունների հետ, մասնատի այս հայրենիքը»,- ասել է Էրդողանը։
Ավելի ուշ DeutscheWelle-ի լրագրողները պարզել էին, որ ձայնագրությունը մոնտաժված է երկու տարբեր տեսանյութերից՝ տարբեր ծագումով և բովանդակությամբ:
Մայիսի 10-ին Քեմալ Քըլըչդարօղլուն հարցազրույց է տվել հրատարակությանը, որտեղ հայտարարել է, որ ցանկանում է վերակողմնորոշել Անկարայի արտաքին քաղաքականությունը դեպի Արեւմուտք։
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով կշրջենք։ Մենք մեր երկիր ենք բերելու Եվրամիության կողմից տրամադրված բոլոր ժողովրդավարական կանոնները»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում փոփոխություններ կնկատվեն ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում։
Բացի այդ, Քըլըչդարօղլուն ցանկություն է հայտնել վերակենդանացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգձգված հայտը։