Աֆղանստանում բնակչության մոտ 85%-ն ապրում է աղքատության շեմից ցածր․ ՄԱԿ
Աֆղանստանի բնակչության մոտ 85%-ն ապրում է աղքատության շեմից ցածր, նշվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից հրապարակված «Աֆղանստանի սոցիալ-տնտեսական հեռանկարները 2023 թվականին» զեկույցում։
«Իրենց իշխանության գալուց անմիջապես հետո (Խմբ․՝ Թալիբանի) Աֆղանստանի տնտեսությունը, որը վերջին տասնամյակում աղքատացել էր, փլուզվեց: Մոտ 40 միլիոն բնակչությամբ և 2021 թվականին 14,3 միլիարդ դոլար ՀՆԱ-ով Աֆղանստանը դասվում է աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենացածր եկամուտ ունեցող երկրների շարքին, իսկ բնակչության մոտ 85%-ը գտնվում է աղքատության շեմից ցածր:
Զեկույցի հեղինակների խոսքով՝ 2021 թվականի օգոստոսից Աֆղանստանի ՀՆԱ-ն նվազում է, և երկրին աջակցում է միայն այլ երկրների մարդասիրական օգնությունը։ Հեղինակները կարծում են, որ օգնության 30%-ով նվազումը կհանգեցնի նրան, որ Աֆղանստանը կդառնա ամենաաղքատ երկիրը՝ ավելի վատ, քան Սիրիան, Սուդանը և այլ երկրներ, իսկ երկրի ՀՆԱ-ն կվերադառնա բացասական աճի։
Աղքատության մակարդակի վրա ազդելու համար Աֆղանստանը պետք է հասնի առնվազն 3 տոկոս աճի: 2023 թվականին օգնության կրճատման դեպքում այս ցուցանիշը լիովին բացասական կդառնա և շատ ցածր կլինի 2024 թվականին:
«Այնուամենայնիվ, մարդասիրական օգնության ծրագրի միայն 5 տոկոսն է ֆինանսավորվել այս տարվա ապրիլի վերջին»,- ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Սուրայո Բուզուրուկովան։