Հայաստանը պատրաստում է ՌԴ պահանջներին համապատասխանող կաթնամթերքի արտադրողների ցանկ․ Ռոսսելխոզնադզոր

 Հայաստանը Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումների դադարեցումից հետո կպատրաստի այն արտադրողների ցուցակը, որոնք կկարողանան պահպանել ՌԴ պահանջները։ Այս մասին նշվում է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։

 

Հաղորդվում է, որ այսօր Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել են Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի բանակցությունները Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:

 

«Ստեղծված իրավիճակը կարգավորելու և գերատեսչությունների միջև վստահության նախկին մակարդակը վերադարձնելու համար կողմերը պայմանավորվել են փուլային աշխատանք իրականացնել։ Հայաստանը ստուգելու է հայկական ընկերությունները և ուղարկելու է այն ձեռնարկությունների անունները, որոնք կարող են կատարել ռուսական պահանջները։ Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի և արդյունքների հիման վրա որոշում կկայացնի Ռուսաստանի հետ առևտուրը թույլատրելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ: 


Ռոսսելխոզնադզորի ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին ապահովված է կաթնամթերքով, որը մատակարարվում է նաև արտաքին շուկաներ։ Ուստի ՌԴ-ն կարող է շահագրգռված լինել հայկական խոհանոցի համար ավանդական և բացառապես հայկական հումքից պատրաստված իրական ապրանքների գնումներով: 

 

Արմեն Հայրապետյանը հայտնել է, որ ուսումնասիրել է Ռոսսելխոզնադզորի տեսչության հաշվետվությունը, որը մի շարք կրիտիկական խնդիրներ է բացահայտել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումների վերահսկման հարցում:


Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ 

Քաղաքականություն