Հայկական երկու ընկերություն ԱՄՆ պատժամիջոցների ցանկում է հայտնվել
ԱՄՆ պատժամիջոցների ցանկում վերջին մեկ տարվա ընթացքում հայկական երկու ընկերություն է հայտնվել։ Ընկերությունների անվանումները ներառվել էին ԱՄՆ ֆինանսների նախարարության SDN (Specifically Designated Nationals, այսինքն` «Հատուկ նշագրված պետական սուբյեկտներ») ցանկում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ այդ ընկերությունները փոխկապակցված են էլեկտրոնիկա ստեղծող ռուսական ընկերությունների հետ։ Բացի դրանցից, ցանկում ներառվել է նաև «ՎՏԲ Արմենիան»։
Մինչև Ուկրաինայի հակամարտությունը Հայաստանից պատժամիջոցային ցանկում ներառված էին իրանական «Մելլաթ բանկի» դուստր բանկը և իրանական ավիաընկերության Mahan Air մասնաճյուղը (Flight Travel ընկերությունը)։
Պատժամիջոցներից հետո ցանկում ներառվեցին «ՎՏԲ Արմենիան», ինչպես նաև հայկական երկու ընկերություն` «Տակոն» և «Միլոր Էլեքթրոնիքսը» (անգլերեն` Milur Electronics)։ Երկրորդ ընկերության հետ կապված որպես գրանցման ամսաթիվ է նշվում 2022 թվականի մայիսը, առաջինի դեպքում ամսաթիվը բացակայում է։ Նշումներում գրված է, որ երկու ընկերություններն էլ զբաղվում են էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով, որոնցից առաջինը` «Տակոն», փոխկապակցված է էլեկտրոնիկա արտադրող ռուսական «ПКК Миландр»–ի, իսկ երկրորդը`«Միլոր Էլեքթրոնիքսը», մեկ այլ մշակող` «Радиоавтоматика» ՍՊԸ–ի հետ։
Հայաստանի պետռեգիստրի տվյալներով`«Տակո» ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ և վերաարտահանմամբ Ռուսաստան։ Ավելի վաղ 2022 թվականին այս ընկերությունը ԱՄՆ գանձատան դեպարտամենտի պատժամիջոցների տակ էր հայտնվել։