Լուիսվիլի բանկում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել․ CNN
Ամերիկյան Լուիսվիլ (Կենտուկի) քաղաքի բանկերից մեկում տղամարդը հրաձգություն է սկսել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ մահացել է, ևս ութը հոսպիտալացվել են, CNN-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունը:
Մահացած է նաև ենթադրյալ կրակողը։ Զանգով ժամանած ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել նրա հետ, սակայն նրա մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։
Տուժածների թվում են երկու ոստիկաններ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանական վարչության պետի տեղակալ Փոլ Համֆրիին։
Նրա խոսքով՝ ոստիկանները ժամանել են Հին Ազգային բանկ, երբ այնտեղ դեռ կրակում էին։ Պարզվել է, որ կրակողը միայնակ է գործել։ Նախնական տվյալներով՝ հրաձիգը այս բանկի նախկին աշխատակիցն է։
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը սոցիալական ցանցերում գրառում է կատարել, որ մեկնում է դեպքի վայր և կոչ է արել աղոթել զոհերի ընտանիքների և ամբողջ Լուիսվիլի համար: Ճեպազրույցում նա ասել է, որ կրակոցների արդյունքում իր ընկերներից մեկը զոհվել է, մյուսը վիրավորվել։
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ամերիկյան Լուիսվիլ (Կենտուկի) քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր կան։