Հասարակություն

ՊԵԿ-ը բացահայտել է ավիավառելիքի վաճառքի խոշոր սխեմա․ պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ բացահայտել է ավիավառելիքի ներմուծման և իրացման ոլորտում գործող խոշոր հարկային իրավախախտումների սխեմա, որի հետևանքով պետությանը, նախնական տվյալներով, պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։



ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծված ավիոկերոսինի իրացման վերաբերյալ կոմիտեի տեղեկատվական բազայում տվյալներ չեն եղել։



Ըստ նախնական տվյալների՝ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն, որոնց անունով Իրանից Հայաստան ներմուծվել է զգալի քանակությամբ ավիավառելիք։ Այնուհետև վառելիքն իրացվել է Հայաստանում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ձևակերպման։



ՊԵԿ-ի տվյալներով՝ ինը ընկերություններից երեքը վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ չեն ներկայացրել, իսկ վեցի ներկայացրած հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում, ըստ կոմիտեի, խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց։



Կոմիտեի գնահատմամբ՝ Ռ. Կ.-ի հիմնադրած և ղեկավարած ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։



Բացահայտված փաստերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։



ՊԵԿ-ը նշում է, որ շարունակելու է միջոցառումները հարկային իրավախախտումների բացահայտման և կանխման ուղղությամբ՝ միաժամանակ տնտեսվարողներին կոչ անելով հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250