Մաքսատան ղեկավարը հարցաքննության կկանչվի ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արեւելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին:

 

Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել եւ 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:

 

Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

 

Ի դեպ, այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, եւ առայժմ նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ նաեւ զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:

 

Մանրանասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Քաղաքականություն

Պատահարներ