Թուրքիան արգելել է մի շարք ապրանքների տարանցումը Ռուսաստան
Թուրքիայի ղեկավարությունը առևտրային ընկերությունների միջև բաժանել է ապրանքների ցանկ, որոնց տարանցումն արգելված է դեպի Ռուսաստան՝ արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլի սեւ և գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեժդելիօղլուին։
Նրա խոսքով՝ Թուրքիայում արտադրված ապրանքները կարող են հեշտությամբ առաքվել Ռուսաստան, նույնիսկ եթե դրանք օգտագործեն այլ երկրների բաղադրիչներ։ Սակայն ազատ առեւտրի գոտիներից վերաարտահանումը սահմանափակվել է մարտի 1-ից, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Թեժդելիօղլուն ընդգծել է, որ Անկարային պետք չէ առճակատում Եվրամիության հետ, ուր գնում է թուրքական արտահանման կեսը։ Թուրքիան ԵՄ-ի հետ մաքսային միության մեջ է 1996 թվականից։
Տարանցման հետ կապված խնդիրների մասին առաջին անգամ հայտնի դարձավ մարտի 9-ին։ Շուկայի մասնակիցները հայտնել են, որ թուրքական մաքսային ծառայությունը արգելափակել է բոլոր բեռները դեպի Ռուսաստան։ Միևնույն ժամանակ, տարբեր շահագրգիռ կողմեր իրենց բացատրությունները տվեցին հանդիպող դժվարությունների վերաբերյալ:
Ոմանք տարանցման արգելափակումը կապում էին համակարգի վերակազմավորման հետ, մյուսները հիշեցնում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին այցը Թուրքիա և պատժամիջոցների կիրառումը խստացնելու Սպիտակ տան սպառնալիքը: Մարտի 13-ին վերսկսվեց ապրանքների տարանցումը, դրա բնույթի փոփոխության վերաբերյալ մեկնաբանություններ չեղան։