Թուրքիայում Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի

Թուրքիայում Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն: Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։ 

 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: 

 

Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Քաղաքականություն

Պատահարներ