ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանը՝ հատված ծառերից հետո․ սոցցանցերում դժգոհում են

Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էին ծառերի հատում, ինչը դժգոհությունների ու քննադատությունների պատճառ էր դարձել հանրության շրջանում։ Մարդիկ դժգոհում են, որ մայրաքաղաքը զրկվում է առանց այդ էլ սակավ բուսականությունից և կասկածներ ունի, թե արդյոք իրապես այդ ծառերը ենթակա էին հատման, և արդյոք դրանք կփոխարինվեն։ 

 

Անդրադառնալով այսօրվա ծառահատմանը՝ ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը գրում է, որ Կասկադում ՀՈԱԿ-ի տնօրեն է տվել իրեն հուզող բոլոր հարցերը ու նաև ասել, թե իր պատկերացմամբ՝ ինչը ճիշտ չի արվում․ «Նախ հարցրեցի ու համոզվեցի, որ իմ նկարների մեջի դեռևս չհատված ծառերը չեն հատվելու։ Հետո հարցրեցի թե քա՞նի դատարկ բնաբաժակ ու նախկինում հատված ծառի բաց տեղ կա Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ինչի պատասխանը չկար։ 

 

Հետո ասացի, երբ որ քաղաքի բոլոր փողոցներին կից դատարկ բնաբաժակները և նախկինում հատված ծառերը լրացնեիք նոր ծառերով, գուցե հետո հանրության կողմից ճիշտ ընկալվեր «կենսունակությունը կորցրած ու դեֆորմացված» ծառերի հատումը ու նորով փոխարինումը։ Բայց երբ ոչ մի դատարկ բնաբաժակում նոր ծառ չի տնկվում ու սկսվում է հատվել կանաչ սաղարթ ունեցող ծառեր, ապա դա միանշանակ չի կարա լավ ընդունվի։

 

Հուսով եմ քաղաքապետարանը հետ կկանգնի ծառերի հատման ծրագրից ու կշարունակի դատարկ բնաբաժակների ու նախկինում հատված ծառերի փոխարինումը նորով, այ էդ ժամանակ ես ինքս կողջունեմ քաղաքապետարանին»,- գրել է օգտատերը։

 

«Սա վայրագության դասական դրսևորում ա, շարքային քաղաքացին չի անում․․․ոնց կարելի է երիտասարդ ծառերը հատել, էն էլ Երևանի խայտառակ աղտոտված օդի պայմաններում, ոնց․․․ մի քիչ կասկածում եմ, բայց իրավապահ մարմինները պետք ա զբաղվեն էս գործով, որևէ պարզաբանում էս դեպքում ընդունելի չի, ոչ հին են ծառերը, ոչ էլ՝ հիվանդ, նկարներից պարզ երևում է, Օպերայի բակում է, Երևանի կենտրոնում․․․»,- գրել է օգտատեր Նունե Ավետիսյանը։

 

«Սեփական 0 կետից սկսած Հայաստանի իշխանության դեմքը»,- գրել է մեկ այլ օգտատեր՝ Արտաշես Արամազդ Մկրտչյանը,- շարունակելով, թե նրանք մենակ քանդել, կտրել, տալ, թափել ու փլել գիտեն...»։


 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում հավաստիացրել էր, որ կտրված ծառերը հենց վաղը փոխարինվելու են առավել գեղեցիկ, կենսունակ ծառերով:

 

«Կտնկենք վաղը, մի քանի օրից դուք այս ամբողջ փողոցը կտեսնեք ծաղկած: Հեծանիվ չենք հայտնագործել, բերվել են նույն ծառատեսակները, որոնք Երևանում իրենց տասնամյակներ շարունակ լավ են զգացել: Ուղղակի՝ դրանց պարտիզային, առավել ֆունկցիոնալ տեսակներ են, օդի մաքրման ֆունկցիան կատարելու մեծ գործակիցներ ունեն: Թեղիներ էլ են բերվել, բայց այլ տեսակիˋ գնդաձև»,- ասել է նա: 

Ըստ Արմեն Բեգոյանի, հենց դրվելու պահից նորատունկ ծառերը կունենան որոշակի սաղարթ:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: 

 


 

Քաղաքականություն