ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում եք` «մեր դավաճանները պուպուշ են, թաքուն պահեք», ո՛չ. Պապիկյանի կոշտ ելույթը
Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բաբնակում 5-րդ շարասյան գոյության մասին հարցին:
«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության», - հայտարարեց Պապիկյանը։
Նախարարը հարց հնչեցրեց՝ եթե մարդը դավաճան է, պետք է չխոսե՞լ դավաճանի մասին. «Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։ Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համոզմամբ, մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: