Ամերիկյան բանկի փլուզումն ուղղակիորեն չի ազդի ԵՄ ֆինանսական համակարգի վրա․ Բրյուսել

Եվրախմբի ֆինանսների նախարարները կարծում են, որ ամերիկյան Silicon Valley Bank (SVB)-ի փլուզումն ուղղակիորեն չի ազդի եվրոպական ֆինանսական համակարգի վրա, այլ ազդանշան է շարունակական անորոշության պայմաններում ԵՄ բանկային համակարգի կայունության ապահովման կարևորության մասին։ .

 

«Քանի որ այս բանկի ներկայությունը ԵՄ-ում շատ, շատ սահմանափակ է, մենք ուղղակի հետևանքներ չենք տեսնում, բայց մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և ի գիտություն ենք ընդունում ԱՄՆ իշխանությունների բուռն արձագանքը», - ասել է տնտեսական հարցերով ԵՄ հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Բրյուսելում Եվրախմբի նիստից հետո։

 

Նա նշել է, որ եվրոգոտու տնտեսությունը այս տարի մտավ մի փոքր ավելի լավ վիճակում, քան սպասվում էր մի քանի ամիս առաջ, սակայն բանկային համակարգում ցնցումներ ընդհանուր անկայունության ֆոնին կարող են լինել ցանկացած պահի։

 

«Անորոշությունը մնում է շատ բարձր»,- ընդգծել է եվրահանձնակատարը։

 

Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոգյուն ասել է, որ SVB-ի փլուզումը, որը ցնցել է ԱՄՆ ֆինանսական համակարգը, եվրոպացի նախարարների քննարկման թեմաներից մեկն է։

 

«Խնդիրները առաջացել են բանկի կոնկրետ բիզնես մոդելի պատճառով (...), բայց այստեղ Եվրոպայում պատկերը բոլորովին այլ է. մեր բանկերը հիմնականում լավ վիճակում են»,- վստահեցրել է Դոնոգյուն։

 

Նիստում ընդունված Եվրախմբի հայտարարության մեջ նշվում է, որ եվրոգոտու տնտեսությունը զգալիորեն վերականգնվել է համավարակից և վերապրել է էներգիայի գների աճի հետ կապված հետևանքները։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ տնտեսական աճը «համեստ կմնա 2023 թվականին և աստիճանաբար կաճի 2024 թվականին»։

 

«Չնայած հեռանկարների, հատկապես աշխարհաքաղաքական և էներգետիկ գործոնների վերաբերյալ անորոշությունը շարունակում է սրվել, աճի ռիսկերը ավելի հավասարակշռված են, քան նախկինում: Սա ամրապնդում է հարկաբյուջետային քաղաքականության ճկուն մնալու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ:

 

Եվրախումբը խոստումնալից ուղեցույց է տրամադրել եվրոգոտու հարկաբյուջետային քաղաքականության համար: 2023-24 թվականներին այն պետք է կենտրոնանա միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական աճի կայուն խթանման և ներդրումների և բարեփոխումների միջոցով կանաչ և թվային փոխակերպման մարտահրավերներին դիմակայելու վրա:

Քաղաքականություն