Հասարակություն

Մոտ 8000 դիմում դեռ սպասում է. ապահովագրավճարների վերադարձը ձգձգվում է. CivilNet

  Մոտ 8000 դիմում դեռ սպասում է. ապահովագրավճարների վերադարձը ձգձգվում է. CivilNet

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քաղաքացիներին հասանելիք ապահովագրավճարների վերադարձը ուշանում է, թեև օրենքով այն պետք է իրականացվի դիմում ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։


CivilNet-ի հետ զրույցում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ Բաբայանը հայտնել է, որ գործընթացը ձգձգվում է համակարգերի միջև տվյալների համադրման խնդիրների պատճառով։



Նրա խոսքով՝ հետվճար ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնք վճարումներ են կատարում մի քանի աղբյուրից, օրինակ՝ աշխատում են միաժամանակ մի քանի վայրում կամ աշխատանքի հետ մեկտեղ ունեն նաև անհատ ձեռնարկատիրություն։ Այս հնարավորությունից կարող են օգտվել նաև պետության կողմից ֆինանսավորվող արտոնյալ խմբերում ընդգրկված անձինք։


Բաբայանը նշել է, որ հիմնադրամը ներկայում ստացել է մոտ 10 հազար դիմում, սակայն դրանցից մի մասը կրկնվող է, և իրականում խոսքը շուրջ 8 հազար անհատական դիմումի մասին է։



Նրա խոսքով՝ այս պահին դիմումները դեռևս ստուգվում են ձեռքով, ինչն էլ հիմնական պատճառներից է, որ գործընթացը դանդաղում է։ Երկարաժամկետ լուծումը, ըստ նրա, համակարգի ամբողջական ավտոմատացումն է՝ «Արմեդ» և հարկային համակարգերի տվյալների համադրման միջոցով։


Հիմնադրամում ակնկալում են, որ մինչև այս տարվա վերջ կկարողանան կատարել կուտակված հետվճարները, իսկ հաջորդ տարվա սկզբից գործընթացն ամբողջությամբ կավտոմատացվի, և վճարումները կիրականացվեն ամեն ամիս։



Բաբայանը նաև հայտնել է, որ ներկայում քաղաքացիները չեն կարող առցանց հետևել իրենց դիմումների ընթացքին, իսկ բազմաթիվ դիմումներում հայտնաբերվել են տեխնիկական սխալներ, որոնք ևս խոչընդոտում են գումարների վերադարձին։



Նա ընդգծել է, որ, անկախ հետվճարների ուշացումից, քաղաքացիներն ու անհատ ձեռնարկատերերը պետք է շարունակեն կատարել օրենքով նախատեսված ապահովագրավճարները։


Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250