Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում (73,5 մլն դոլար): Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելին մեր երկիր թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումը դրական ազդեցություն է ունեցել և՛ ներմուծման, և՛ արտահանման վրա։
Այսպես. 2022 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա աճել է 139 անգամ՝ կազմելով 61,2 մլն ԱՄՆ դոլար (2021թ․ կազմել էր 0,44 մլն ԱՄՆ դոլար), իսկ թուրքական ապրանքների ներմուծումն ավելացել է 3,6 անգամ։ Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 263,3 մլն դոլարի թուրքական արտադրանք, մինչդեռ 2021 թվականին (էմբարգոյի ժամանակ) այդ ցուցանիշը կազմում էր 73 մլն դոլար։
Թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն ուժի մեջ էր մտել 2021 թվականի հունվարի 1-ից։ Այն բացասաբար է անդրադարձել երկրների միջև առևտրի վրա։ 2021 թվականին ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 68,3 տոկոսով՝ հասնելով 73,5 մլն դոլարի 2020 թվականի 231,5 մլն դոլարի փոխարեն։
2021 թվականի էմբարգոյի ժամանակահատվածում պաշտոնապես թույլատրված էր Թուրքիայից հումքի և վերամշակման համար նախատեսված արտադրանքի ներմուծումը Հայաստան։ Այդպիսիք են համարվում շինանյութերը, տրիկոտաժե և բամբակյա գործվածքները, բնական կաշին։ Ընդ որում՝ բարձր մաքսատուրք ունեցող ապրանքներ չեն ներմուծվել։ Էկոնոմիկայի նախարարությունում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը բացատրում էին նրանով, որ դրանք ավելի շահավետ գին ունեն։ Բացի այդ, կարևոր դեր է խաղում նաև աշխարհագրությունը (հեռու երկրներից ապրանքներ բերելը բավականին ծախսատար է)։
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներմուծմանը 2022 թվականին, ապա հարցման պատասխանում պարզաբանել են, որ ամենից շատ Հայաստան ներմուծվել են ալյումինե ամրաններ և անկյունակներ, ցիտրուսներ (թարմ կամ չորացրած), տրիկոտաժե իրեր (կոստյում, բաճկոն, բլեյզեր, զգեստ, կիսաշրջազգեստ և նմանատիպ հագուստ կանանց և տղամարդկանց համար), էլեկտրական սարքեր (ջեռուցիչներ, տարածքի և հողի ջեռուցման սարքեր, կենցաղային էլեկտրական ջեռուցման սարքեր), ապակու մանրաթելից կամ փայտից և փայտային այլ նյութերից սալիկներ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ և բեռնատարներ, սինթետիկ թել:
Իսկ Հայաստանն ամենաշատը Թուրքիա արտահանել է ոսկի (այդ թվում՝ գալվանական ծածկույթ) և ոսկու փոշի, դաբաղած կաշի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, տեխնիկա (աման լվացող մեքենա կամ չորանոց), մակնշում, գազավորված ըմպելիքների փաթեթավորման սարք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սննդի կամ ըմպելիքների արդյունաբերական պատրաստման սարքավորումներ։
Մանրամասները՝ կայքում։