Իսպանիա է ներխուժել 49 հազար անօրինական միգրանտ. Իսպանիայի ՆԳՆ
Մեկ օրվա ընթացքում շուրջ 49 հազար միգրանտ է ներխուժել Աֆրիկայի ափին գտնվող և Մարոկկոյին սահմանակից իսպանական ինքնավար Սեուտա քաղաք։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Սեուտայից ստացվող կադրերը ցնցող են և ևս մեկ անգամ ապացուցում են, որ անվերահսկելի անօրինական ներգաղթն իրական սպառնալիք է Եվրոպայի սահմանների անվտանգության համար։
Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է սահմանների և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը։
«Անօրինական ներգաղթի հարցում ոչ մի քայլ չենք նահանջի։ Սահմանների պաշտպանությունը, մարդկանց վաճառքով զբաղվողների գործունեության կանխումը և միգրանտների վերադարձն իրենց երկրներ շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունները»,- ընդգծել է Մելոնին։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին նույնպես աջակցել է Իսպանիայի հետ Շենգենյան տարածքը փակելու նախաձեռնությանը՝ անօրինական և անվերահսկելի ներգաղթը որակելով ազգային անվտանգության սպառնալիք։
Նա քննադատել է նաև Իսպանիայի կառավարության՝ երկրում անօրինական բնակվող ավելի քան 500 հազար միգրանտի օրինականացնելու որոշումը՝ այն անվանելով «խորապես սխալ»։
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը Տայանիի հայտարարությունն անվանել է գործընկեր և բարեկամ երկրի արտգործնախարարին ոչ վայել խոսք՝ ընդգծելով, որ Մադրիդն ակնկալում է եվրոպական համերաշխություն, ոչ թե կուսակցական դեմագոգիա։ Նա հայտարարել է, որ Իտալիայի դեսպանին կանչել է ԱԳՆ։
Իսպանական ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն Սեուտայում ստեղծված իրավիճակն անվանել է ազգային անվտանգության ճգնաժամ։ Ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը միգրանտների զանգվածային հոսքի համար անձամբ մեղադրել է վարչապետ Պեդրո Սանչեսին։
Սանչեսը հայտարարել է, որ կառավարությունը մոբիլիզացրել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակին անհապաղ արձագանքելու համար։ Նա նաև մեկնել է Սեուտա, իսկ երկրի ՆԳՆ-ն հայտարարել է քաղաքում անվտանգությունն ապահովելու նպատակով զինծառայողներ տեղափոխելու մասին։
Սեուտայի ղեկավար Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է, որ քաղաքում հումանիտար և սոցիալական արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ առնվազն 18 մարդ է զոհվել՝ լողալով իսպանական տարածք հասնելու փորձի ժամանակ։ AFP-ի հաղորդմամբ՝ սա 2021 թվականից ի վեր միգրանտների ամենազանգվածային հոսքն է դեպի Սեուտա։ Այդ տարի քաղաք էր փորձել ներթափանցել ավելի քան 10 հազար անօրինական միգրանտ։
Սեուտա և Մելիլյա իսպանական քաղաք-էքսկլավներով անցնող երթուղին աֆրիկացիների՝ Արևմտյան Եվրոպա հասնելու հիմնական ճանապարհներից մեկն է։ Շատ միգրանտների համար Մարոկկոն Եվրոպա տանող տարանցիկ երկիր է։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...