Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է վառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը բենզինի, դիզելային վառելիքի և վառելիքի այլ տեսակների արտահանման նոր ժամանակավոր արգելք է սահմանել։
Արգելքը կգործի 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Միաժամանակ սեպտեմբերի 1-ից սահմանափակումները չեն տարածվի անմիջական արտադրողների կողմից արտահանվող դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի վրա։
Ռուսաստանից վառելիքի արտահանումը թույլատրվելու է միջկառավարական միջազգային համաձայնագրերի շրջանակում, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կառավարության որոշմամբ։
Ավելի վաղ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ բենզինի արտահանման արգելքը երկարաձգվելու է ինչպես արտադրողների, այնպես էլ վառելիք չարտադրող ընկերությունների համար։
Գարնանից Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման խնդիրներ են առաջացել։ Կրեմլում հայտարարել են, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատում են իշխանության բոլոր մակարդակներում։
Հուլիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը, մասնավորապես, նպատակ ունի ներքին շուկան ապահովել բենզինով և դիզելային վառելիքով։ Հուլիսի 22-ին Պուտինը հայտարարել է, որ ռուսական վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ ունեն։
ՌԲԿ-ի հաշվարկներով՝ հունիս-հուլիս ամիսներին վառելիքի վաճառքի ամբողջական կամ մասնակի սահմանափակումները տարածվել են Ռուսաստանի 80 շրջանի վրա։ Հուլիսի սկզբից դրանք սկսել են մեղմել, իսկ ամսվա կեսերին շրջանային իշխանությունները հայտնել են մատակարարումների աճի մասին։