ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրկին զանգվածային ցույցեր Թբիլիսիում․ ցուցարարները երկու պահանջ ունեն

Թբիլիսիի կենտրոնում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են՝ չնայած իշխող կուսակցության խոստումին՝ չընդունել օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը։

 

Ինչպես գրում է Sputnik Georgia-ն՝ բողոքի ակցիան սկսվել է Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, քաղաքի կենտրոնական պողոտան կրկին արգելափակվել է։

Ակցիայի մասնակիցները երկու պահանջ են ներկայացրել՝ ավարտին հասցնել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի հետկանչման ընթացակարգերը և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ կալանավորվածներին։

Ակցիան սկսվել է հնարավոր սադրանքների մասին կազմակերպիչների հայտարարությամբ։ 


Մի քանի հազար մարդ է հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, տարածքը շարունակում է լցվել։

 

Սա բողոքի արդեն երրորդ օրն է։Մարտի 8-ից մարտի 9-ը տեւած ակցիան ընթացել է ավելի քան 16 ժամ՝ պարբերաբար վերածվելով բախումների ցուցարարների մի մասի և բռնությանն ու վանդալիզմին արձագանքած ոստիկանների միջև։ Միայն առավոտյան ժամը 8-ին ոստիկաններին հաջողվել է ամբողջությամբ մաքրել Ռուսթավելի պողոտան։


Վերջին տվյալներով՝ ոստիկանությունն այդ գիշեր վարչական կարգով բերման է ենթարկել հանրահավաքի 66 մասնակցի, իսկ հատուկ քննչական ծառայությունը ստացել է լիազորությունները գերազանցելու 22 հաղորդում։ Ընդհանուր առմամբ երկու օրվա ընթացքում վարչական կարգով բերման է ենթարկվել 133 մարդ, մի մասն արդեն ազատ է արձակվել։

Քաղաքականություն