Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Տիխանովսկայային հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման
Այսօր՝ Մինսկում դատավճիռներ են կայացվել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամների գործով, մասնավորապես, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
«Մինսկի քաղաքային դատարանը Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Տիխանովսկայան դատարանի որոշմամբ պետք է պատիժը կրի քրեակատարողական գաղութում»,- հաղորդում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։
Ընդդիմությունը 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները համարել է կեղծված։ Երկրում շուրջ վեց ամիս շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը։ Ցուցարարները պահանջում էին Լուկաշենկոյի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը։ ԵՄ մի շարք երկրներ Տիխանովսկայային ճանաչում են որպես Բելառուսի ընդդիմադիր ուժերի առաջնորդ։
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն ահաբեկչության մեջ ներգրավված կազմակերպությունների և անձանց ցուցակում ընդգրկել է Տիխանովսկայային, Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոյին, ինչպես նաև Բելառուսի ևս 15 քաղաքացիների։