Կարմրուկը Հայաստան է «եկել» արտերկրից, թիրախում չպատվաստված անձինք են․ ԱՆ ներկայացուցիչ

Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն լինում, վերջին վարակվածության դեպքերը «բերվել են»արտերկրից, վարակվել են չպատվաստված անձինք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

 

Հայտնել ենք, որ մարտի 4–ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպք։

 

«Հայաստանը 2007 թվականից համարվում է կարմրուկը հաղթահարած երկիր, այսինքն՝ ՀՀ-ում տեղական դեպքեր չեն գրանցվում մեր պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշների շնորհիվ։ Սակայն այն 100 տոկոս չէ։ Երբ չպատվաստված անձը գնում է արտերկիր հանգստանալու կամ այլ նպատակով, վարակվում, գալիս է և այստեղ նաև տարածում չպատվաստված անձանց շրջանում»,-ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպքերում էլ վարակված անձինք պատվաստված չեն եղել կարմրուկի դեմ։

 

Թե որ երկրից է համաճարակը ներկրվել ՀՀ, այս պահին պարզ չէ, սակայն Գրիգորյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում հիվանդության «ներկրման»երկիրը կամ երկրները պարզելու համար։

 

Նա նաև հայտնել է, որ այս պահին հիվանդությունը հիմնականում տարածված է երեխաների շրջանում, սակայն վարակվածների մեջ կան նաև մեծահասկաներ։ Թիրախում հիմնական չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են։

 

Տվյալ իրավիճակում, Գրիգորյանի գնահատմամբ, երբ երկրում տեղական դեպքեր չկան, նույնիսկ մեկ դեպքը կարող է դիտարկվել համաճարակի բռնում։

ԱՆ-ն հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

 

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Քաղաքականություն