Կարմրուկի դեպքերի թիվը հասել է` 12-ի

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը

 

«Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության»,–ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ մարտի 3–ին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք։ Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պտվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:

Գերատեսչությունից նշում են նաև, որ պատվաստման ենթակա են նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

 

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Քաղաքականություն