Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք. Փաշինյանը` Բեռլինում

Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր անվտանգային միջավայրում։ Այս մասին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով»,-ասել է Փաշինյանը։

 

Այս համատեքստում վարչապետն ընդգծել է՝ խաղաղության օրակարգը շատ կարևոր է ՀՀ-ի համար՝ արձանագրելով, որ ՀՀ-ի համար դա «հեշտ պատմություն չէ»՝ կան բազմաթիվ ռիսկեր, իսկ խաղաղությունը միայն Հայաստանից չէ կախված։

 

Վարչապետն ընդգեց, որ մյուսներն էլ են ցանկանում խաղաղություն, բայց նրանց ցանկացած խաղաղությունը ՀՀ-ի ցանկացած խաղաղության հետ չի համընկնում, հետևաբար և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակը պետք է լինի խաղաղության հաստատման հասնելը ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա։

 

«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք շատ դժվար և վտանգավոր մի ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք»,-ասաց Փաշինյանը։

 

Նա վստահեցրեց, որ Հայաստանը տնտեսական խորը խնդիրներ չունի, նաև ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունի։ Հայաստանի խնդիրներն արտաքին են և կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ։

 

«Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած, և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին»,-հավելել է է վարչապետը։

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ մեկնել է Բեռլին։ Այցն աշխատանքային է։

Նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը հանդես են եկել համատեղ ասուլիսով։

 

Փաշինյանն այցելել է նաև Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, հանդիպել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Քաղաքականություն