Երկու ժամում երկու երկրաշարժ՝ Չինաստանի և Ղրղզստանի սահմանին

Այսօր՝ Աստանայի ժամանակով ժամը 5:58-ին (Երևանի ժամանակով 3:58-ին), տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի և Ղրղզստանի սահմանին։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
 

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք՝ Ղրղզստանի և Չինաստանի սահմանին։ Երկրաշարժի էներգետիկ դասն է 12.1, մագնիտուդը՝ 5.6, օջախի խորությունը՝ 10 կիլոմետր»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
 

Սեյսմոլոգների տվյալներով՝ տվյալ երկրաշարժից երկու ժամ առաջ` Աստանայի ժամանակով ժամը 3:42-ին (երևանյան ժամանակով 01։42) նույն տեղանքում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել, որը շուրջ 2 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Ալմաթիում։

 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։