Ճարպակալում, հոգեկան հիվանդություններ. ԱՄՆ բանակը նորակոչիկների հավաքագրման խնդիր ունի
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023թ. ուղղել 2022թ. 15 հազար նորակոչիկների անբավարարության հարցը եւ բանակում ներգրավել 65 հազար նոր զինվորներ։ Այս մասին ասել է ԱՄՆ բանակի նախարար Քրիստին Վորմութը, տեղեկացրել է Fox News-ը։
«Իմ կարծիքով՝ թիվ մեկ առաջնահերթությունն այս տարի... մեր խնդրի լուծումն է անձնակազմի հավաքագրմամբ։ Անցած տարի բանակը չի կատարել իր խնդիրը՝ մոտ 15 000 մարդ չհավաքագրելով։ Սա շատ լուրջ վիճակ է մեզ համար»,- ասել է Վորմութը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բանավեճի ժամանակ։
2022թ. հավաքագրման պլանը 60 հազար մարդ էր, տարեվերջին զորքին հաջողվել է ներգրավել միայն 45 հազար։ Հիմնական պատճառը երիտասարդության ճարպակալման խնդիրներն են, միջնակարգ դպրոցն ավարտելու ատեստատ չունենալը եւ հոգեկան հիվանդությունները։
Բացի այդ, ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունը զինվորական ծառայության հանդեպ, քանի որ հասարակությունը կտրվել է բանակից։ Քաղաքացիները հաճույքով չեն ընդգրկվում կամավորական ուժերում (AVF), զինվորական ընտանիքներից ավելի քիչ թվով նորակոչիկներ են գալիս զինված ուժեր։
Անցած ամիս բանակը հայտարարել է նախնական բազային պատրաստվածության ընդլայնման դասընթաց, որը թույլ կտա թեկնածուներ ընդգրկել, որոնք չեն համապատասխանում քաշի պահանջներին։
Օգոստոսին Ֆորտ Ջեքսոնում (Հարավային Կարոլինա) սկսվել է պիլոտային ծրագիր նորակոչիկների համար, որոնք 6 տոկոսով ավելի են ճարպակալված, քան բանակային չափորոշիչներն են, կամ որոնք զինված ուժերի պրոֆեսոինալ ունակությունների թեստով հավաքել են 21-30 բալ։