Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պատասխանել են ԿԺԴՀ-ի` միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը

 Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները, ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման, համատեղ ավիացիոն զորավարժություններ են անցկացրել ամերիկյան F-16 ինքնաթիռների և B1-B ծանր ռմբակոծիչների, ինչպես նաև Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-35A և F-15K կործանիչների մասնակցությամբ, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան շաբաթ օրը արձակել է Hwaseong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, այն հասել է 5768 կմ բարձրության և թռչել 989 կմ՝ 4015 վայրկյանում։ Սա Հյուսիսային Կորեայի երկրորդ հրթիռի արձակումն է 2023 թվականին։ 

«Զորավարժությունները բարելավեցին դաշինքի օպերատիվ հնարավորությունները, ինչպես նաև հաստատեցին Կորեական թերակղզու երկաթյա պաշտպանությանը և ընդլայնված զսպման պարտավորություններին ԱՄՆ-ի հանձնառությունը»,- նշել են ռազմաօդային ուժերում: