ՆԱՏՕ-ն արբանյակային հետախուզման ընդհանուր ցանց կստեղծի
ՆԱՏՕ-ի 16 երկրներ, ինչպես նաև Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են ստեղծել տիեզերքից արբանյակային հետախուզման և հսկողության ընդհանուր ցանց: Այս մասին հայտնում է ռազմական դաշինքի կայքը։
Նախաձեռնությունը կոչվում է Alliance Permanent Surveillance from Space (APSS), որի հայտարարված նպատակների թվում են փոխել դաշինքի արբանյակային տվյալների հավաքագրման և օգտագործման եղանակը, կատարելագործել հետախուզությունը և աջակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին:
Դաշինքի անդամներից մեկը՝ Լյուքսեմբուրգը, արդեն իսկ կատարել է 16,5 միլիոն եվրոյի նախնական ներդրում համակարգի ստեղծման համար:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 14-15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ «գաղտնի ձեռնարկ» կստորագրեն գործողությունների պլաններով՝ մի քանի ճակատով «բարձր ինտենսիվության հակամարտությունների» ներգրավվելու դեպքում։
Գործակալությունը, հղում անելով դաշինքի բարձրաստիճան աղբյուրին, պնդում է, որ դաշնակիցներին կառաջարկվի վերաուղղորդել ներդրումները ծանր սպառազինության, հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերում։ Խոսքը նաև «իրավապահ մարմինների կողմից հավաքագրված տվյալների ինտեգրված օգտագործման համար թվային արդիականացման» լրացուցիչ ծախսերի մասին է։
Այն, որ ՆԱՏՕ-ն կստեղծի վիրտուալ ցանց, որը կմիավորի քաղաքացիական և ռազմական արբանյակների տվյալները հետախուզական կարիքների համար, փետրվարի 13-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են համակարգող կենտրոն ստեղծել անդամ երկրների սուզանավային մալուխների և խողովակաշարերի պաշտպանության համար։