Վիգեն Սարգսյանի հետ վեճ ունեցել եմ, բայց՝ բնակարան ստանալուց հետո․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ» - ը գրում է․ «Հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ օրենք ու կարգ չի խախտել, երկրին ծառայել է ազնվորեն, ապա պահանջել է հրապարակել բնակարան ստացողների ցանկը, յուրաքանչյուրի մարտական ուղին եւ վաստակը։
Դատախազությունը, հիշեցնենք, Վիգեն Սարգսյանին եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրում է ՊՆ-ին պատկանող Հասրաթյան 25/6 շենքի բնակարանները բաշխելիս չարաշահումներ կատարելու համար։ Մասնավորապես փաստեր ունի, որ նախկին Պնախարարը հանձնարարել է բնակարաններ հատկացնել հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված 26 զինծառայողների եւ երեք կողմնակի անձանց, իսկ իրական կարիքավորները մնացել են իրենց հերթին սպասող։
Մենք դիմեցինք դատախազություն եւ ՊՆ՝ նույն խնդրանքով՝ հրապարակել այդ 26 անձանց անունները։ Ի վերջո, նրանք բնակարանները ստացել են հարկատուների վճարած գումարների հաշվին, եւ վերջիններս իրավունք ունեն իմանալու, թե ինչպես են ծախսվել իրենց տված փողերը։ Բայց ՊՆ խոսնակը մերժեց տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե պետք է դիմել վարույթ իրականացնող մարմնին, իսկ դատախազությունից գրավոր հարցում պահանջեցին՝ ի սկզբանե նշելով, թե վստահ չեն, որ այն կբավարարվի։
Մեր տեղեկություններով, այդ 26 անձանց թվում է եղել նաեւ ՊՆ նախկին խոսնակ, ներկայում ԱԺ փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Պատմում են, որ երբ Վիգեն Սարգսյանը նոր էր նշանակվել պաշտպանության նախարար, ցանկացել է աշխատանքից ազատել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Սակայն վերջինս խնդրել է նրան՝ սպասել, գոնե տունը ստանա՝ նոր ազատվի։ Սարգսյանը կատարել է նրա ցանկությունը, Հովհաննիսյանը տունը ստացել է զինվորների շենքում․ տարածքի բնակիչներն այդպես են անվանում այն։ Բայց նախարարը հետագայում թողել է Հովհաննիսյանին նույն պաշտոնին՝ կա՛մ փոշմանել է, կա՛մ մոռացել, կա՛մ էլ ավելի կարեւոր գործեր են ի հայտ եկել։
«Դրանք կեղտոտ բամբասանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ մի պարզ պատճառով։ Իմ ու Վիգեն Սարգսյանի միջեւ լուրջ վեճ է եղել, բայց դա կապ չի կարող ունենալ տուն ստանալու հետ՝ մի պարզ պատճառով․ վեճը եղել է փետրվարի առաջին տասնօրյակում, տունը ես ստացել եմ հունվարի վերջին, իսկ բնակարանային հանձնաժողովի նիստն այդ հարցով եղել է 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին կամ նոյեմբեր-դեկտեմբերին, ոչ ուշ։ Նիստերի արձանագրությունները չեմ տեսել եւ չեմ կարող ավելի հստակ ասել։ Հետեւաբար, դա չէր կարող այդպես լինել։ Գուցե, իհարկե, Վիգեն Սարգսյանի մոտ այդ տրամադրությունը եղել է՝ առանց ինձ ասելու։ Գուցե նա ցանկություն է ունեցել ինձ ազատելու եւ մտածել է, որ բնակարան տալով՝ կմեղմի այդ իրավիճակը։ Ես չգիտեմ, «Հրապարակի» աղբյուրները գուցե շատ զորեղ են եւ ունեն ներքին ինֆորմացիա, բայց կարող եմ հստակ օրն ու ժամն ասել, թե երբ ենք մենք վիճել իրար հետ։ Դա եղել է փետրվարի սկզբին»։
- Ի՞նչ հարցով է եղել վեճը, կարո՞ղ եք բացահայտել։
- Այդ վեճի ընթացքում խոսակցություն է եղել շինարարության որակի վերաբերյալ, հետեւաբար՝ հասկանալի է, որ դա գեղեցիկ սարքած մանիպուլյացիա է։ Էլի եմ կրկնում, եթե, իհարկե, ձեր ինֆորմատորները չեն իմացել բաներ, որոնք ես չգիտեմ, թե ինչ տրամադրություն է եղել Վիգեն Սարգսյանի մոտ։ Դրանից հետո, եթե, իհարկե, մարդիկ ուզում են հասկանալ, կհասկանան։
- Դուք եղե՞լ եք բնակարաններ ստանալու հերթի մեջ եւ ինչքա՞ն ժամանակ։
- Բնակարան ստանալու պահին ես եղել եմ ողջ զինված ուժերի՝ թե՛ գործող, թե՛ պահեստազորի զինվորականների մեջ թվով երրորդ թե չորրորդ հերթագրվածը, ով եղել է 4 սենյականոց բնակարանի կարիքավոր, սպաներից, ամբողջ զինուժում 4 սենյականոցի հերթագրման մեջ 4 հոգի կար, հետեւաբար, ես որեւէ մեկի տեղը չէի կարող բնակարան ստանալ։ Բնակարանի ստացման համակարգում զինուժում մենակ ժամանակով չէ, միայն նրանով չէ, թե ով է շուտ կամ ով է ուշ հերթագրվել։ Իսկ ես հերթագրված եմ եղել 2007 թվականից եւ ստանալու պահին հերթի մեջ եմ եղել 11 տարի։ Առաջնահերթությունները եւ սենյակների չափերը որոշվում են ընտանիքի կազմով։ Եթե նույն տեսակի կարիքավորներ են երկու հոգի, առաջնահերթությունը տրվում է նաեւ մարտական գործողությունների մասնակիցներին եւ այլն։ Իմ պարագայում նման բան չէր կարող լինել, որովհետեւ 4 հոգի էինք 4 սենյականոցի համար հերթագրվածներս, թե՛ գործող, թե՛ պահեստում, չորսս էլ ստացել ենք, եւ որեւէ մեկը որեւէ մեկին չէր խանգարում։ Այնպես որ, այս թեման կարող եք փակել։
- Այնուամենայնիվ, ի՞նչ հակասություններ են եղել Վիգեն Սարգսյանի հետ, նա չի՞ ցանկացել Ձեզ հանել։
- Այդ պատմություններն իմ ու Վիգեն Սարգսյանի միջեւ հակասությունների, որ նա, իբր, ուզում էր ինձ հանել, սա հետագայում իմ դեմ սկսված ու մինչեւ էսօր վարվող մեդիատեռորի հետ է կապվում, ես դա մի օր կպատմեմ, երբ դրա ժամանակը գա»։