Փորձելու ենք ապացուցել, որ ինչ որ արվել է` արվել է ի նպաստ մեր պետությանը. Արտակ Դավթյանը` «անորակ հրթիռների» գործի մասին
Արդեն 1 տարի է՝ հրթիռների գործը դատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հունվարի 10-ի դրությամբ իրավիճակն այդպիսին էր: Այս մասին գրում է 168.am-ը:
Լրատվամիջոցը փորձել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից ճշտել՝ ինչպե՞ս է գնահատում դատական գործընթացը, քանի որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան նույնպես անցնում է այս գործով:
«Նիստերն ընթանում են, վերջերս ձգձգումներ եղան հիմնականում տեխնիկական պատճառներով՝ հոսանք չլինելու, հետո այնտեղ պիտի ինչ-որ բաներ նայեինք, տեխնիկական միջոցները չաշխատեցին (ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները։- Մ.Պ), մեկ օր էլ այդ պատճառով ձգվեց: Չասեմ՝ արհեստական են դատական նիստերը ձգձգվում, բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան: Դա յուրաքանչյուրը յուրովի է գնահատում»,- ասել է նա` մեկնաբանելով դիտարկումը, թե ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը դատական գործերի ձգձգումների մեջ դիտավորություն է տեսնում:
Ինչ վերաբերում է դատական գործին` Դավթյանը նշել է, որ իրեն մեղավոր չի համարում:
«Մեզնից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում եւ մինչեւ վերջ կներկայացնենք մեր տեսակետները: Մենք բոլորս, ովքեր անցնում ենք այս գործով, համարում ենք, որ այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը: Դատարանում ընթանում է գործի քննությունը: Փորձելու ենք ապացուցել՝ ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում եւ ի նպաստ մեր պետությանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին 2022-ի հունվարին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:
Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։