Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին Auroranews-ին տեղեկացրեցին գլխավոր դատախազությունից։

 

 

Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:

 

Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։

 

Նա նշել էր, որ պաշտպանության նախարար ծառայած 18 ամիսների ընթացքում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել է ավելին, քան ներկայիս կառավարությունը այս հինգ տարիների ընթացքում: Անդրադառնալով 26 բնակարանների բաշխմանը` ընդգծել էր, որ այն իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը։

 

Ըստ Վիգեն Սարգսյանի` առաջադրված մեղադրանքը նաև ազդակ է ներկա իշխանությունից, որ ինքը չվերադառնա Հայաստան` «առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»:

 

Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։

 

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ 

 

Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։