ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Վրաստանի միջնորդական ջանքերին:

 

Կլաարը Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է` շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը,  Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ դառնալու Վրաստանի դիրքորոշումը կարևոր է:

 

Դիվանագետը հավելել է, որ Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:

 

«Հուսով եմ, որ ապագայում այդ ուղղությամբ համագործակցությունը Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի մեծ կլինի», - ասել է Կլաարը:

 

Նա հիշեցրել է անցյալ տարվա ամռանը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել բարձր մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար։

 

«Աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը շատ հարմար է, այստեղ կարելի է արագ և հեշտ հասնել հարևան երկրներից։ Բացի այդ, տրամաբանական է, որ նույն տարածքում՝ Հարավային Կովկասում, գտնվող երեք երկրները պետք է փորձեն համագործակցության ոլորտներ գտնել։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում», - հավելել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։