Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ:
Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:
Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն: Նախագահը երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորեն հետևելու համար:
«Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛ պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքում կարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար:
«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենք այն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է», - նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.
ա) ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակական անվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ,
բ) լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: