ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը․ Դոնֆրիդ

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ 

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում: 

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա: 

Բացի դրանից՝ Դոնֆրիդի կարծիքով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ: 

«Դրանից զատ՝ իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը: 

Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը: 

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա: 

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը: 

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա: 

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: «Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք»,- նշում է նա: 

Դրա հետ մեկտեղ դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը: 

Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:

Քաղաքականություն

Պատահարներ