«Արցախ վերադարձած 19 երեխաների տեղափոխման հետ Կարմիր խաչը կապ չունի». Ամատունի
Հայաստանից Արցախ վերադարձած 19 երեխաների տեղափոխման հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապ չունի. կազմակերպությունն այս հարցում որևէ մասնակցություն չի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտնել էր` ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։
«Հայաստանում մնացած երեխաների տեղափոխման հարցը, մարդասիրական այլ հարցերի հետ մեկտեղ, մեր ուշադրության կենտրոնում է։ Ամեն դեպքում կկարողանանք աջակցել այս հարցում միայն այն պարագայում, երբ նման որոշում կայացվի բոլոր կողմերից և դիմեն մեզ»,–ասաց Ամատունին։
Նա նշեց, որ այս պահին երեխաների երկրորդ խմբի տեղափոխման մասին պայմանավորվածություն լինել–չլինելու մասին խոսել չի կարող, քանի որ կոմիտեն նախնական պայմանավորվածությունների մասին չի բարձրաձայնում։ Ամեն դեպքում, ըստ Ամատունու, այդ հարցում որոշակի քննարկումներ են իրականացնում։