ՄԱԿ-ում ԱԽ նիստ կանցկացվի Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրավիճակի հարցով

Երուսաղեմում Տաճարի լեռան շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն։
 

Նշվում է, որ ԱԽ նիստը կմեկնարկի հունվարի 5-ին` Հայաստանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
 

Նիստը գումարվել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար, «Հրեական ուժ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Իթամար Բեն Գվիրի` Տաճարի լեռ այցից հետո, որտեղ գտնվում է Ալ–Աքսա մզկիթների համալիրը։ Նշվում է, որ Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն են խնդրել նիստ գումարել։

 

Իթամար Բեն Գվիրի այցը լուրջ դժգոհություն էր առաջացրել պաղեստինցիների շրջանում: Նրա քայլը քննադատել էին նաև արաբական երկրները, այդ թվում՝ Հորդանանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Նրանք նշել էին, որ ամբողջ աշխարհի մահմեդականների համար սուրբ վայր այցելելը լարվածություն կառաջացնի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: