23 օր շրջափակման մեջ. ինչպես են Արցախում դիմավորել Ամանորը
Արդեն 23-րդ օրը շրջափակման մեջ գտնվող Արցախում Նարինե Բադասյանն այսօր լսել էր, որ խանութներից մեկում թթվասեր կա, երեխաներին շտապել էր ուղարկել գնումների։
«Ես աշխատանքի եմ հիմա, երեխաներին ուղարկել եմ թթվասերի հերթի, չգիտեմ՝ առել են, թե չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Նարինեն Ստեփանակերտի հացի փռերից մեկում է աշխատում։ Գրաֆիկը ծանր է, պատմեց, որ Ամանորի գիշերն էլ ընտանիքի հետ անցկացնելու փոխարեն մնացել է աշխատավայրում՝ հաց են թխել. «Այդ օրը ես ամբողջ օրը ժողովրդի համար աշխատել եմ: Ճիշտ է՝ ես մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց աշխատում եմ հացի փռում, հաց ենք թխել գիշերը ժամը երեքից մինչև երեկոյան ժամը ինը: Լրիվ հերթեր էին, մի կերպ հասցրել ենք հացը հասցնել ժողովրդին: Իրոք, մեր բարի գործն արել ենք»:
Առանց մոր Ամանորը դիմավորած ընտանիքի տոնական սեղանին շատ բան չի եղել։
«Ես երեք խանութ եմ մտել, միայն թեյ եմ գտել, առել, մի քիչ էլ քաղցրեղեն, ուրիշ ոչ մի բան չի եղել: Երեխաներս են իրենց համար սեղանը դրել, խորոված են արել, տանն ինչ որ եղել է, դրել են սեղանին ու անցկացրել, մինչև ես գնացել եմ: Նոր տարվա օրը մենակ մսամթերք էր, էդ էլ տեղական մսամթերքն էր, ոչ մի այլ բան չկար, որ տեսականի սարքեինք»,- ասում է կինը:
Նարինեն պատմում է, որ գրեթե դատարկ խանութներում թթվասերի հետ միասին սկսել է նպարեղեն, շաքարավազ հայտնվել, քիչ-քիչ են վաճառում, որ բոլորին հասնի. «Սկզբից որ ճանապարհները փակել ենք, արդեն մենք մի քիչ գնումներ ենք արել, դրանից հետո հիմա խանութներում ուտելիք չկա: Մեկ-մեկ բերում են մեշոկով բրինձ, ոսպ, կիլոգրամով բաժանում, պեսոկ, էդ եղել ա նոր, բայց դրանից առաջ ոչ մի բան չի եղել: Երկու-երեք օր է, որ բերում են: Ամսի 31-ին էլի կիլոյով, կես կիլոյով պեսոկ են բաժանել ամեն մի անդամին, բացի դրանից, ընդհանրապես կարտոֆիլ չկա, կաղամբ չկա, գազար: Միրգ ընդհանրապես չկա»:
Մանրամասները` կայքում: