Իրանում կախաղան են բարձրացրել հակակառավարական ցույցերի մասնակիցներից մեկին
Իրանում մահապատժի են ենթարկել հակակառավարական ցույցերի երկրորդ մասնակցին, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ զանգվածային ցույցերն Իրանում սկիզբ են առել սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո. մասնակիցները պահանջում են վերջ տալ երկրում մոլաների իշխանությանը:
Ցույցերի մասնակից Մաջիդրեզա Ռահնվարդը կախաղան է բարձրացվել երկուշաբթի՝ մեղավոր ճանաչվելով «Աստծո դեմ պատերազմ» հրահրելու համար: Պաշտոնապես Ռահնվարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դանակահարել է «Բասիջ» զինված ուժերի երկու անդամների, որոնք ներգրավված են եղել բողոքի ցույցերը ճնշելու գործում:
Ռահնվարդը հրապարակային մահապատժի է ենթարկվել նույն քաղաքում, որտեղ տեղի են ունեցել նրա ենթադրյալ հանցագործությունները:
Նշենք, որ նախորդ շաբաթ առաջին անգամ մահապատժի էր ենթարկվել ցույցերի մասնակիցը: Խոսքը Մուհսին Շիկարի մասին է:
Սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։ Աղջկան սեպտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ոստիկանները՝ «հիջաբը սխալ կրելու» համար. նա մահացել է սեպտեմբերի 16-ին։ Ի պատասխան՝ Իրանի տասնյակ քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոց։
Նորվեգիայում գործող Մարդու իրավունքների իրանական կազմակերպությունը հաղորդում է ցույցերի ընթացքում ավելի քան 200 մահվան մասին:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ անկարգությունների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի մոտ 60 անդամ։
Մինչ օրս 11 մարդ մահապատժի է դատապարտվել ցույցերին մասնակցելու համար։