Գերմանիայում հեղաշրջում նախապատրաստելու համար կասկածվողների մոտ հայտնաբերվել է պաշտոնյաների անուններով ցուցակ
Գերմանիայի ոստիկանությունը պետական հեղաշրջում նախապատրաստելու համար կասկածվողների մոտ հայտնաբերել է պոտենցիալ «թշնամիների» ցուցակը, որում ներառված է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը, հայտնում է Tageszeitung-ը։
Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառվել է 18 մարդ, այդ թվում՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սասկյա Էսկենը և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև լրագրողներ և քաղաքական գործիչներ։ Հաղորդվում է, որ «թշնամիների» ցուցակը հայտնաբերվել էր դեռևս կասկածյալներին բերման ենթարկելու գործողության մեկնարկից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցակում ներառված է նաև Բունդեսթագի յոթ պատգամավորի անուն։ Էսկենն ասել է, որ չպետք է թերագնահատել ագրեսիվ «Ռեյխի քաղաքացիների» (ազգայնական շարժում «Ռայխսբուրգերներ») ներկայացրած վտանգը։
Նրա խոսքով՝ շարժման անդամները տարված են դավադրության տեսություններով և պատրաստ են դրանք կյանքի կոչել։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դավադիրները պատրաստվում էին գրոհել Բունդեսթագը և այնտեղ պատանդ վերցնել կառավարության անդամներին ու պատգամավորներին։
Մինչդեռ ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ցուցակի գոյության մասին հրապարակման տեղեկատվությունը` վկայակոչելով շարունակվող հետաքննությունը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գերմանական ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել աջ ծայրահեղականների դեմ, որոնք ծրագրում էին գրոհել Գերմանիայի խորհրդարանը։