Ոստիկանները առողջական խնդիրներ ունեցող քանդակագործին գցել են գետնին ու դաժան ծեծի ենթարկել. ահազանգ
Ոստիկանները բաժանմունքում դաժան ծեծի են ենթարկել առողջական խնդիրներ ունեցող նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, ապա մի քանի օր անց կալանավորել նրան: Այս մասին News.am-ի հետ զրույցում ահազանգեց նրա պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ արվեստագետի տան հարեւանությամբ գիշերային ակումբ է բացվել եւ այդ օրը տուն վերադառնալիս տեսել են, որ հարեւաններն ահազանգել էին ոստիկանություն եւ պարեկներ ու ոստիկաններ էին ժամանել։
«Ամուսինները տեսնում են, որ իրենց կայանատեղիում արդեն ավտոմեքենա կա, ձայնային եւ լուսային ազդանշաններով ցույց են տալիս, որ մեքենան հանեն։ Նրանց է մոտենում ակումբից դուրս եկած մի մարդ, որն ալկոհոլի ազդեցության տակ էր, եւ վիճաբանության մեջ է մտնում Վանեսքեհյանի հետ: Մոտենում է պարեկներից մեկը, հանդարտացնում իրավիճակը: Իր գնալուց հետո վիճաբանողներից մեկը հրահրում է, ոստիկանները նորից են գալիս, հորդորում են ավարտել վեճը, բայց չի հանդարտվում իրավիճակը: Պարեկների ավագն էլ հրահանգում է երկուսին էլ բերման ենթարկել: Այդ ժամանակ միջամտում են Վանեսքեհյանի կինը ու 15-ամյա աղջիկը, որը տնից ձայները լսելով՝ իջել էր ներքեւ ու խնդրում են բերման չենթարկել: Այդտեղ պարեկներից մեկը հրում է կնոջը, Վանեսքեհյանն էլ հայհոյում է, քաշքշուկ է սկսվում ու իրեն ձեռնաշղթաներով տանում են բաժին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Պաշտպանը նշեց, որ Վանեսքեհյանը ողնաշարի խնդիրներ ունի, քայլում է ձեռնափայտով եւ կոնքազդրային վիրահատության պետք է ենթարկվի։ Արվեստագետը, ըստ պաշտպանի, ոստիկանության բաժանմունքում խնդրում է ձեռնաշթղաները թուլացնել. «Ոստիկանները չեն արձագանքում, ինքն էլ սկսում է բարձրաձայն դժգոհություններ հայտնել, ոստիկանները նրան գցում են գետնին, հագուստը քաշում են գլխին ու սկսում են դաժան ծեծի ենթարկել՝ հիմնականում հարվածելով գլխին: Ծեծի հետեւանքով նրա զույգ թմբկաթաղանթները պատռված են, գլխուղեղի ծանր ցնցում է ստացել, աչքերի շուրջ վնասվածքներ կան: Ծեծից հետո նա ձերբակալվում է»։
Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վանեսքեհյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ մինչեւ դեկտեմբերի 5–ը բուժում ստացել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա կալանավորվել է։ Պաշտպանի խոսքով, դեպքի առթիվ երկու վարույթ է նախաձեռված: Վանեսքեհյանը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, իսկ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել խոշտանգման մասով:
«Իրենք գործը կառուցվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչն անթույլատրելի է Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպերով: Այլ ապացույցներ չկան այս գործում: Իսկ խոշտանգման գործում ոչ մի բան չի ձեռնարկվել, քննիչն այդ մասով նույնիսկ չի հարցաքննել Վանեսքեհյանին»,- հավելեց պաշտպանը: