Շատ բարդ խաղ էր, շատ ուժ խլեց․ Մեսսին մեկնաբանել է Արգենտինա-Ավստրալիա խաղը

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի խաղում Արգենտինայի հավաքականը երեկ մրցել է Ավստրալիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։

 

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Այս մրցանակը Մեսսիի կարիերայում 8-րդն էր։ Մինչ այս նա աշխարհի առաջնություններում 7 անգամ ճանաչվել էր առանձին խաղերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս ցուցանիշով Մեսսին ռեկորդ է սահմանել։ Պատմության մեջ դեռևս ոչ-ոք 8 անգամ չէր արժանացել ԱԱ-ի՝ MVP մրցանակին։

 

«Մենք ամբողջովին վերահսկում էինք խաղի ընթացքը, նախաձեռնությունն էլ մերն էր։ Այո, վերջնամասում գոլ բաց թողեցինք, բայց դա լուրջ ազդեցություն չունեցավ, ոչինչ չփոխեց։

Շատ բարդ խաղ էր, շատ ուժ խլեց։

Շատ ուրախ ենք այս հաղթանակին։ Եվս մեկ փոքր քայլ կատարեցինք տիտղոսի ուղղությամբ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

 

Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Նիդեռլանդների թիմի հետ։

 

Հիշեցնենք՝ Մեսսին աշխարհի ընթացիկ առաջնության 4 խաղում 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։