«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտները»: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Հաղորդագրության համաձայն՝ Պուտինը կրկին մանրամասն պարզաբանել է հատուկ ռազմական գործողության անցկացման ռուսական սկզբունքային մոտեցումները: Ռուսաստանի նախագահը նշել է արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի ապակառուցողական գիծը, որոնք զինել են Կիևի ռեժիմը։ Դրա, ինչպես նաև Ուկրաինայի համակողմանի քաղաքական և ֆինանսական աջակցության պատճառով Կիևը, Պուտինի կարծիքով, բացարձակապես մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար։

 

Պուտինը Շոլցի հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան երկար ժամանակ ձեռնպահ է մնացել Ուկրաինայում որոշակի թիրախների ուղղությամբ կետային հրթիռային հարվածներից, բայց այժմ նման միջոցները հարկադրված եւ անխուսափելի պատասխան են դարձել Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում Ղրիմի կամրջի եւ էներգետիկ օբյեկտների դեմ Կիեւի սադրիչ հարձակումներին:

 

«Նույն շարքում է նաեւ ահաբեկչական գործողությունը «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք — 2» գազատարների դեմ, որի հանգամանքները ռուսական պրոֆիլային կառույցների մասնակցությամբ թափանցիկ հետաքննության կարիք ունեն»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

Կրեմլում նշել են, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Սա Պուտինի և Շոլցի առաջին հեռախոսազրույցն է սեպտեմբերի 13-ից ի վեր։

Քաղաքականություն