Զատուլինը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նամակը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակը ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը «Լազարևյան ակումբի» հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Զատուլինի թելեգրամյան ալիքը:

 

Նշվում է, որ նամակը ստացվել է այսօր` ժամը 18:00-ին,էլեկտրոնային փոստով:

 

Ավելի վաղ Զատուլինը գրել էր` այսօր ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը ՀՀ։ Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին։

 

Հիշեցնենք, որ այս առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև «Հայաստան» դաշինքը:

 

«Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը»,- նշված է դաշինքի հայտարարությունում:

Քաղաքականություն