Պատմական նվաճում. առաջին հայ կին բռնցքամարտիկը դարձել է Եվրոպայի մեդալակիր

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:  Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ 

 

«Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: ¼ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց: 

 

Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից մեր մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու ժամանակին տեղ հասցնում իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին Հարությունյանին: Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:  Նշենք, որ Բուդվայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։