Առավոտյան ժամը 5-ից դիրքի հետ կապն ընդհատվել է, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվել այնտեղ․ զոհվածի հարազատ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի առաջին ժամերին Ջերմուկի N դիրքի անձնակազմի հետ կապը կտրվել էր: Թե ինչ է կատարվել այդ մի քանի ժամվա ընթացքում, ոչ ոք տեղյակ չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նույն դիրքում զոհված Կարեն Սայադյանի ազգականը՝ Գարիկ Ազիզյանը:
«Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի առավոտյան՝ ժամը 5-ին դիրքի հետ կապն ընդհատվել է: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվել այնտեղ: Երբ հաղորդվեց, որ երկու զոհ ունենք Ջերմուկում, անմիջապես գնացինք այնտեղ: Ջերմուկի խաչմերուկում ահագին մարդ էր հավաքվել՝ զինծառայողների հարազատներ հիմնականում: Այդ օրը ոչինչ չկարողացանք պարզել: Հաջորդ օրը որդիս գնաց ՊՆ և այնտեղից տեղեկացավ, որ Կարենը զոհվել է: Իմ հասկանալով՝ ՊՆ-ն արդեն տեղյակ էր ամեն ինչից, գիտեր, որ այդ դիրքերում ոչ ոք ողջ չի մնացել, դրա համար սկզբում ասացին զոհվել են, հետո թե՝ համարվում են անհետ կորած»,- պատմել է Գարիկը:
Կարենի զոհվելու լուրը հարազատները ստացել են սեպտեմբերի 29-ին: 20-ամյա ժամկետային զինծառայողի մարմինն այն 95 զոհված զինծառայողների դիերի մեջ էր, որոնք սեպտեմբերի 20-ին Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձվել են հայկական կողմին:
«Ամսի 22-ին ծնողներին մի կերպ համոզել եմ, որ գնան ԴՆԹ հանձնեն: Մեզ սացին, որ 3-4 օրվա ընթացքում պատասխանը գալիս է: Որ այդ ընթացքում չեկավ, ուրախացել էինք: Մեկ էլ ամսի 29-ին զանգեցին հորը, թե նույնականացվել է...95 մարմինների մեջ էր նաև Կարենի մարմինը...»,- պատմել է Գարիկը:
Կարենի հետ վերջին անգամ խոսել է մայրը՝ ամսի 12-ի ցերեկը: Ինչպես միշտ, այդ անգամ էլ Կարենը ծառայության, առկա լարվածության հետ կապված ոչինչ չէր ասել:
«Ինքը շատ գաղտնապահ տղա էր: Անգամ Վանաձորում ծառայելու ընթացքում բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել էր պատվոգրով, ընդ որում՝ զորամասից երեք հոգի էին ընդամենը պարգևատրվել, բայց այդ մասին ոչ ոքի չէր ասել: Առհասարակ, որևէ բան չէր ասում ծառայության հետ կապված, անգամ, չգիտեինք՝ ինչ վաշտում էր, որ դիրքում: Հետո ենք իմացել»,- հիշել է ազգականը:
Կարենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր. տան ավագն էր ու միակ որդին. բանակ զորակոչվել էր 2021թ.-ին, մի քանի ամիս Վանաձորում ծառայելուց հետո տեղափոխվել է Ջերմուկ:
Օգոստոսի 10-ին երեք օրով տուն էր գնացել Կարենը: 14-ին նրա ծննդյան օրն էր, բայց քանի որ հաջորդ օրը պետք է բարձրանար դիրքեր, հետ է գնացել.
«Ասացինք՝ ի՞նչ կլինի՝ մնա էլի, ծնունդդ կնշենք, կգնաս էլի, ու հնարավորություն կար, որ մնար, բայց ինքն ասաց՝ չէ, դիրքեր պիտի բարձրանանք. տղաների հետ այնտեղ էլ կնշենք: Ասաց ու գնաց...»:
Օգոստոսի 15-ին ընկերների հետ վերջին անգամ դիրքեր բարձրացած Կարեն Սայադյանը նրանց հետ միասին էլ անմահացել է: Տղաները հերոսաբար մարտնչել են մինչև վերջին փամփուշտը...
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, սակայն բոլորի համար
Այս րոպեներին ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց եռամսյա հավաքների հարցը նաև։ &n...
Վաշտը թրջված ու բարոյալքված վիճակում էր, նահանջել է առանց հրամանի․ վկա
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ հոկտեմբերի...
Ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ենք տեսել նրան ու ճանաչել․ Ռոբերտի քույրը պատմում է
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբ...
Չի բացառվում՝ մետաղական մաս չի եղել․ Սյունիքի մաքսատան նախկին պետը՝ Ղրիմի կամրջի միջադեպի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատարը Հայա...