
Սաակաշվիլին ուշագնաց է եղել դատական նիստի ժամանակ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սահմանը ապօրինի հատելու գործով դատական նիստի ժամանակ ուշագնաց է եղել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ դատական նիստն անցկացվելիս է եղել Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։
«Այսօր մենք պարզեցինք, որ նախագահ Սաակաշվիլին երեկ, այն բանից հետո, երբ նրա սենյակ ներխուժեցին դատախազության ներկայացուցիչները և փորձեցին դատական գործընթաց կազմակերպել, բարձր ճնշման և նոպայի ֆոնին կորցրեց գիտակցությունը», – հայտնել է քաղաքական գործչի ամերիկացի փաստաբան Մասիմո Դանջելոն:
«Իհարկե, մենք դեռ չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն այս պահին կարող ենք նշել, որ պարոն Սաակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է», – հավելել է փաստաբանը:
Սաակաշվիլիի դատավարությունը հիվանդանոցում տեղի է ունեցել երեքշաբթի։