Կապառոսի հրաժեշտի նամակն ու ՀՖՖ-ի հայտարարությունը
Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել, որում ասվում է․
«Կայացած հանդիպումից հետո մենք փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի ֆեդերացիայի հետ՝ ավարտելու մեր այս փուլը ազգային հավաքականում։
Պատիվ էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լինելը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և հատկապես ֆեդերացիայի նախագահին ոգևորիչ նախագծի վրա միասին աշխատած ժամանակի համար։
Ի վերջո, և առանձնահատուկ կերպով, ես գնահատում եմ այն աջակցությունը, որը մեզ ցուցաբերել են բոլոր երկրպագուները և նրանց օգնությունը՝ զգալու այս երկրի և նրա ազգային հավաքականի մեծությունը, ինչի համար ես շատ հպարտ եմ զգում մեր համատեղ ապրած հիանալի պահերի համար, և մի օր չի եղել, որ ես չմտածեմ, թե որքան բախտ եմ ունեցել այս թիմում աշխատելու համար։
Ամենալավն եմ մաղթում ձեզ։ Ես միշտ ձեր կողքին կլինեմ»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ գրել է Կապառոսը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը․
«Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ և ոչ մի բանակցություն չի վարել մասնագետի հետ։ Խոակին Կապառոսի հեռանալուց ընդամենը 2 օր է անցել։
Մեր փնտրտուքները դեռ շարունակվում են։ Թեկնածուները շատ են, բայց բանակցություններ կամ պաշտոնական առաջարկներ դեռ չկան։ Մինչև հաջորդ խաղը դեռ շատ ժամանակ կա։ Այդ իսկ պատճառով մենք տարբեր մասնագետների ենք դիտարկում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը Sport24-ի հետ զրույցում։