Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. քաղաքացին նռնակով զինված մտել է սուպերմարկետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   

 

Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:   

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:  Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը, այդ ընթացքում էլ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել այդ տղամարդու հետ:   

 

Որոշ ժամանակ անց այդ տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէր:  Նա պահանջ է ներկայացրել՝ ասելով.

 

«Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»:   

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին: