
Ո՞ւմ ջանքերի շնորհիվ է Կանադան որոշել ՀՀ-ում դեսպանատուն բացել․ մեկնաբանում է միջազգայնագետը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը՝ նշեց. «Խոսակցությունը, որ Հայաստանում բացվելու էր կանադական դեսպանատուն, կար դեռևս 1990-ականների ամենասկզբից, սակայն ամենատարբեր պատճառներով դա տեղի չէր ունենում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Կանադան Հայաստանում չուներ տնտեսական ներկայություն, ինչպես նաև քաղաքական հետաքրքրությունների մասով որոշակի պասիվություն կար։ Հայաստանը մշտապես աշխատել է այն ուղղությամբ, որ մեր երկրում Կանադային դեսպանություն լինի՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Կարծիք կար, որ դեպանության առկայությունը դրականորեն էր ազդելու հարաբերություններիր զարգացման վրա»։
Սարգսյանի խոսքով՝ կանադական իշխանությունները Կանադայի հայ համայնքին պարբերաբար տվել են նման խոստումներ, ուստի պետք է հույս ունենանք, որ այս անգամ գործն ավարտին կհասցվի, և այդ երկիրը Հայաստանում դեսպանություն կունենա։ «Կանդան աշխարհի ամենահարուստ պետություններից է, ամենախոշոր տնտեսություններից է, G7-ի անդամ պետություն է , և բնականաբար Հայաստանի համար խիստ կարևոր է նման հզոր պետության հետ խորացնել հարաբերությունները՝ մասնավորապես տնտեսական և բիզնես ոլորտներում»,- նշեց Սարգսյանը։ Միջազգայնագետը, մեկնաբանելով Կանադայի ԱԳ նախարարի այն պնդումը, որ իր երկրի այդ որոշումը հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցության ավելացման կարևոր երաշխիք կլինի, նշեց. «Կարծում եմ՝ այս գործընթացը երկար ժամանակ եփվող գործընթաց է եղել, և չպետք է մոռանանք, որ Մելանի Ժոլին հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով։ Կանադայի ԱԳ նախարարը, նախիկում, երբ ինտեգրման հարցերով նախարար էր, ուներ բավականին ընդգծված պրոհայկական դիրքորոշում, ուստի կարծում եմ՝ այս որոշման մեջ առաջին հերթին կարևոր դեր է խաղացել հենց նրա դիրքորոշումն ու Կանադայում հայկական հզոր համայնքի կողմից հարցի անընդհատ բարձրաձայնումն ու ճնշումների գործադրումը։ Ըստ իս, սրանք ամենկարևոր գործոններն են, իսկ թե ինչպես կլինի փաթեթավորումը, դա արդեն երկրորդական հարց է»։
Հարցադրմանը՝ ո՞ւմ ջանքերի շնորհիվ է Կանադան այս որոշմանը եկել՝ Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների՞, թե՞ հայկական համայնքի, Սարգսյանը պատասխանեց. «Ըստ իս, պետք է դափնիներն առավելապես տանք հայկական համայնքին, քանի որ համայնքն այս ուղղությամբ իսկապես շատ էր աշխատում։ Հայերի հոսքը դեպի Կանադա երբեք չի դադարել, ու մեր երկրում դեսպանության և հյուպատոսության չլինելը լուրջ խնդիր էր մեր քաղաքացիների համար։ Ուստի այս առումով համայնքի դերն ավելի կարևոր է։ Սակայն քաղաքական դրդապատճառների մասին չպետք է մոռանանք»։
Միջազգայնագետի խոսքով՝ Կանադան բնականաբար կարելի է դիտարկել որպես արևմտյան բաղադրիչ։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների խորացման համատեսքտում, մասնավորապես բիզնես և տնտեսական, Կանադան կարևոր նշանակություն կարող է ունենալ։ «Բացի տնտեսականից, կա նաև քաղաքական բաղադրիչ, սակայն քաղաքական բաղադրիչը պետք է ճիշտ օգտագործել, քանի որ հնարավորութուն ունենալը մի բան է, այդ հնարավորությունից օգտվելը՝ մեկ այլ բան։ Ինչ վերաբերում է նրան, արդյոք այս քայլով Կանադան ուզում է տարածաշրջանում որոշակի վերահսկողություն ունենալ, պետք է նշեմ, որ ըստ իս, Կանադան նման բանի կարիք չունի։ Չեմ կարծում, որ մեր տարածաշրջանում վերահսկողության հաստատումը բխում է Կանադայի ազգային անվտանգային շահերից»։